Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջեւ ապրիլի 24-ին ամերիկահայերի կազմակերպած ցույցը թուրքերը եւ ադրբեջանցիները փորձել են խանգարել: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը: Նրա խոսքով`Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ հավաքվել էին մոտ 250-300 հայեր, որոնց ցույցը փորձել են խանգարել մոտ 70 թուրքեր:

Եղիսաբեթ Չուլջյանն ասաց, որ այս տարի եւս, ինչպես ամեն տարի,  ապրիլի 24-ին ամերիկահայ համայնքը «լռելյայն» ցույց էր կազմակերպել Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջեւ, իսկ թուրքերը եւ ադրբեջանցիները, եկել եւ փորձել են խանգարել այն: Նրանք, ըստ Չուլջյանի, փորձել են քեֆի մթնոլորտ ստեղծել, երգել են, հպարտ կեցվածք ընդունել եւ ամեն կերպ ջանացաել են ուշադրությունն իրենց վրա հրավիրել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով`ամերիկահայ համայնքն իր սուրբ պարտքն է համարում Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտմանն ուղղված միջոցառումներ կազմակերպել: Ըստ որում`հայկական ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները ամեն տարի ընդլայնվում են եւ այս առումով`2011թ բացառություն չէր: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղարն ասաց, որ  տարեկան ցույցերը շարունակվում են թե’ հայաշատ, թե’ մյուս նահանգներում: