Շաբաթ Եթովպիայի իշխանությունները հայտարարել են, որ արգելվում է երկրում գործող ընկերություններին աշխատանքից հեռացնել իրենց աշխատակիցներին արտակարգ դրության ժամանակ, հաղորդում է եթովպական Fana ռադիոկայանը:
«Արգելվում է նաեւ տնից դուրս հանել բնակարանների վարձակալներին, ավելացնել վարձավճարի չափը»,-հայտարարել է Եթովպիայի գլխավոր դատախազ Ադանեք Աբիեբին:
Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի որոշմամբ ապրիլի 8-ին երկրում սահմանվել էր արտակարգ դրություն հինգ ամիս ժամկետով կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ: Ապրիլի 10-ին խորհրդարանը բացարձակ մեծամասնության կողմ ձայներով քվեարկել էր արտակարգ դրության մասին օրենքի օգտին, նշում է ՏԱՍՍ-ը:
Գլխավոր դատախազը նշել է, որ ապրիլի 12-ից արգելվում են կրոնական, քաղաքական կամ այլ տիպի հավաքները, որտեղ մասնակցում է ավելի քան 4 մարդ: Արգելվում են նաեւ ձեռքսեղմումները: Հասարակական տրանսպորտը կարող է տեղափոխել ուղեւորներին միայն այն դեպքում, եթե սրահը լցված է առավելագույնը 50 տոկոսով:
Ներկայում Եթովպիայում ախտորոշվել է կորոնավիրուսի 65 վարակակիր, մահացել է 2 մարդ: Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով կա շուրջ 1.7 մլն վարակված, ավելի քան 100 հազար մահվան դեպք:





























