Lydian International հանքարդյունաբերական ընկերությունը ռադոն չափող սարքեր է տեղադրել Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։

Նշենք, որ ռադոնը ռադիոակտիվ նյութ է, որն արտազատվում է ուրանի, ինչպես նաեւ ոսկի եւ արծաթ պարունակող բազմամետաղային հանքերում։ 

«Lydian International»-ը մտադիր է 2012թ. սկսել Ամուլսարի ոսկու հանքի բաց եղանակով շահագործումը, իսկ Գնդեվազը գտնվում է այդ հանքի ազդեցության գոտում, ինչպես եւ Գորայքը, Սարալանջը, Սարավանը եւ Կեչուտը: Գնդեվազի բնակիչները նշում են, որ մոտ 40 տներում ռադիոակտիվ սարքերը տեղադրվել են այս տարվա հունվարին: Որոշ տներից սարքերն արդեն հանվել են` վերլուծություններ կատարելու համար:

 Ամուլսարի ընդերքում բացի ոսկուց կան նաեւ արծաթ, կապար եւ այլ տարրեր: Շրջակա միջավայրի վրա տարբեր տեսակի հանքավայրերի քիմիական ազդեցության աղյուսակի համաձայն` ոսկի եւ արծաթ պարունակող բազմամետաղային հանքավայրերին բնորոշ են ռադիոակտիվ տարրերի` ռադոնի, ուրանի, թորիումի առկայություն:

Հիշեցնենք, որ Հ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածում ներկայացված գիտական տվյալների համաձայն («Горный журнал» գիտական հանդես,  6 համար, 2007թ.)` Ամուլսարում մոտ 100 տոննա պաշարով ուրանի 5 երեւակում կա: