Հայաստանի կառավարության քայլերը հանգեցրել են «քառատրոփ գնաճի» (галопная инфляция)։ Այսօր՝ ապրիլի 27-ին մամուլի ասուլիսում նման հայտարարություն կատարեց նախկին վարչապետ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը գնաճը կարող է զսպել միայն բյուջեի դեֆիցիտը կրճատելու միջոցով, ու եթե ուզենա՝ գնաճը կարող է հասցնել 3 տոկոսի, սակայն այդ դեպքում բյուջե չի ունենա։
«Կառավարության քայլերն անգրագետ են, ու այդ քայլերն անողը չգիտի, թե գնաճի դեմ ինչպես պետք է պայքարել»,- ներկայիս կառավարության քայլերը այսպես մեկնաբանեց նախկին վարչապետը։
Հ. Բագրատյանը կարծում է նաեւ, որ Հայաստանում իրական գնաճը ոչ թե 11,6 տոկոս է, այլ առնվազն 18 տոկոս։ Այդ ասելով՝ նա հիմնվեց վիճակագրական պաշտոնական տվյալների վրա, ըստ որոնց՝ պարենային գնաճը 18 տոկոս է։ Ըստ նախկին վարչապետի՝ Հայաստանի բնակչության մոտ 85 տոկոսը աղքատ է, պարենից բացի՝ ոչինչ չի կարողանում գնել, ուստի նրանց համար գնաճը 18 տոկոս է։




























