Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ նահանգը հսկողությոն տակ է առել կորոնավիրուսի տարածումը, եւ կարծես, «վատագույնն արդեն ետեւում է, եթե մենք շարունակենք խելամիտ գործել», հայտնում է CNBC-ը։

Միաժամանակ, Կուոմոն հայտնել է, որ կորոնավիրուսից մահացածների թիվը Նյու Յորքում, որ ԱՄՆ-ում համավարակի էպիկենտրոնն է, գերազանցել է 10 000-ը։ Սակայն նա մատնանշել է ամենօրյա մահերի, հոսպիտալացումների թվի նվազումը, եւ այն մարդկանց թվի կրճատումը, ում թոքերի արհեստական օդափոխման սարք է անհրաժեշտ՝ որպես ապացույց այն բանի, որ արմատական միջոցառումները օգնել են զսպել վիրուսը։ «Մենք վերահսկում ենք տարածումը»,- ասել է Կուոմոն Օլբանում հրավիրված մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ ոչ խելամիտ պահվածքի դեպքում այդ թվերը կարող են կրկնապատկվել կամ եռապատկվել։

Կուոմոյի խոսքերով՝ Զատկի կիրակի օրը նահանգում գրանցվել է 671 մահ, որի հետեւանքով կորոնավիրուսից մահվան դեպքերը նահանգում հասել են 10 056-ի։

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի տարածման «կորը շարունակում է հարթվել»։ Այնուամենայնիվ, նախկինի պես «օրական մոտ 2000 մարդու կորոնավիրուս են ախտորոշում, սակայն դա նշանակալի չափով փոխհատուցվում է հիվանդանոցներից դուրսգրումով»։

Կուոմոն, ով սերտորեն համագործակցում է Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի նահանգապետների հետ, նաեւ հայտարարել է, որ կհայտարարի ձեռնարկությունների եւ դպրոցների համակարգված ծրագրի մասին։