Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 16-ին, առաջին ընթերցմամբ հավանություն տվեց բանկային քարտերով կենսաթոշակների վճարման մասին օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծին աջակցեցին 80 պատգամավորներ, դեմ արտահայտվեց 16 պատգամավոր, ձեռնպահ մնաց 18-ը:

Օրենսդրական փաթեթն առաջարկում է կենսաթոշակները վճարել անկանխիկ եղանակով: Ընդ որում, առաջարկվում է սահմանել հետեւյալ բացառությունները. եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, եւ եթե լրացել է նրա 75 տարեկանը:

Անցումը անկանխիկ եղանակի ծրագրվում է իրականացնել փուլային կարգով: Մասնավորապես, հուլիսի 1-ից համակարգը կներդրվի Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Մյուս բնակավայրերում՝ 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ գյուղական բնակավայրերում, որոնք ունեն ավելի քան 1000 բնակիչ, 2022 թվականի հունվարի 1-ից, մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից: