Սպորտային ավտոմեքենաներ արտադրող իտալական Ferrari ընկերությունը միացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարին։ Մարանելոյում գտնվող գործարանում սկսել են թոքերի արհեստական օդափոխման սարքերի համար փականներ եւ ամրակներ թողարկել, շաբաթ օրը գրել է La Gazzetta dello Sport-ը։

Արտադրանքը կուղղվի արտակարգ իրավիճակների կանխման գերատեսչությանը, որը դրանք կբաշխի նոր վիրուսով պացիենտներ ունեցող հիվանդանոցներին, հայտնում է DW-ն։

Կորոնավիրուսն Իտալիա է ներթափանցել հունվարի վերջին։ Երկրի իշխանությունները Եվրոպայում առաջիններից էին, որ սկսեցին սահմանփակել տեղաշարժի ազատությունը, որպեսզի դանդաղեցնեն հիվանդության տարածումը։

Անցած ամիսներին Իտալիան Եվրոպայում առաջին տեղն է գրավել COVID-19-ով հիվանդների մահերի թվով։ SARS-CoV-2 վիրուսը հայտնաբերվել է Իտալիայի ավելի քան 172 000 բնակիչների մոտ, 23 000 մարդ մահացել է։ Իտալիայից մի քանի տասնյակ պացիենտների Գերմանիան է ընդունել։