Նորվեգիայում կարանտինային միջոցառումների աստիճանաբար թուլացման շրջանակներում երկուշաբթի, ապրիլի 20-ին, իրենց աշխատանքն են վերսկսել մանկապարտեզները, որոնք մեկ ամիս առաջ փակվել էին կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով, հայտնում է DW-ն:
Միաժամանակ, դրանցում պետք է պահպանվեն հիգիենայի խիստ կանոններ, երեխաները կարող են զբաղվել միայն փոքր խմբերով: Կառավարության որոշմամբ՝ մինչեւ երեք տարեկան երեխաների խմբերում կարող է լինել ոչ ավելի, քան երեք սան, իսկ երեքից վեց տարեկան երեխաների խմբերում՝ վեց սան: Նախատեսվում է, որ շաբաթվա ընթացքում տարրական դպրոցները եւս կվերսկսեն աշխատանքը:
«Մանկապարտեզ գնալը անվտանգ է»,- ասել է Նորվեգիայի կրթության նախարար Գուրի Մելբյուն: Այնուամենայնիվ, շատ ծնողներ որոշումը վաղաժամ են համարում: NRK սոցիալական մեդիա-ընկերության անցած հանգստյան օրերին անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ծնողների 24 տոկոսը չի ցանկանում թույլատրել իրենց երեխաներին մանկապարտեզ հաճախել, 13 տոկոսը չի կողմնորոշվել այս հարցում:
Նորվեգիայի կառավարությունը երկու շաբաթ առաջ հայտարարել է խիստ սահմանափակումների աստիճանական թուլացման մասին՝ նշելով, որ սկանդինավյան երկրում կորոնավիրուսի տարածումը «վերահսկվում է»: Ապրիլի 20-ից ֆիզիոթերապեւտները եւ հոգեթերապեւտները նույնպես վերսկսել են իրենց աշխատանքը: Միեւնույն ժամանակ, բարերն ու ռեստորանները մնում են փակ, զանգվածային մշակութային եւ սպորտային միջոցառումները չեղյալ են հայտարարված առնվազն մինչեւ հունիսի կեսը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Նորվեգիայում, որի բնակչությունը 5,4 միլիոն է, այսօրվա դրությամբ մոտ 7000 մարդ վարակված է կորոնավիրուսով, 154 հիվանդ մահացել է։





























