Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի դեմ պայքարի թեմայով ոչինչ չի թաքցնում Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետները համավարակի առաջին օրվանից աշխատել են ԱՀԿ-ի հետ, երկուշաբթի օրը Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեեսուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«CDC-ի շատ փորձագետներ են աջակցել մեզ, հատկապես համաճարակի սկսվելուց անմիջապես հետո: ԱՀԿ համագործակցությունը CDC-ի հետ երկար պատմություն ունի, այն այս համավարակից չի սկսվել: Մի կողմից, Կենտրոնների աշխատակիցների առկայությունը օգնում է: Մյուս կողմից, դա նշանակում է, որ ոչինչ չի թաքցվել CDC-ից: Առաջին օրվանից սկսած: Քանի որ ամերիկացիները աշխատել են մեզ հետ, եւ ԱՀԿ-ն բաց է, մենք ոչինչ չենք թաքցնում: Մենք ուզում ենք, որ բոլոր երկրները հաղորդագրություններն անմիջապես ստանան: Քանի որ դա կօգնի երկրներին պատրաստվել», - ասել է նա:
ԱՀԿ գլխավոր տնօրեն ընդգծել է, որ կազմակերպությունում գաղտնիքներ չկան, քանի որ բոլոր հարցերը կապված են առողջության թեմայի հետ եւ վերաբերում են կյանքի պահպանմանը:
«Երբ մենք տեղեկատվություն ենք ստանում ԱՀԿ-ում, մենք ստանում ենք թվեր, թե քանի մարդ է մահացել, քանիսը վարակվել: Մենք չենք տեսնում այդ թվերը, մենք տեսնում ենք առանձին անհատների: Եվ այդ պատճառով մենք գաղտնիքներ չունենք: Եվ հենց որ մեզ մոտ տեղեկատվություն է հայտնվում, մենք այն կիսում ենք»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որը, ըստ նրա, ժամանակին տեղեկատվություն չի տվել կորոնավիրուսի մասին, ինչպես նաեւ ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը։





























