Սաուդյան Արաբիան, հնարավոր է, հաղթել է Ռուսաստանի դեմ նավթի գների անողոք պատերազմում, սակայն դիտորդներն ասում են, որ նա արագացրել է էներգակիրների պահանջարկի կորոնավիրուսի հետ կապված անկումը, չնայած արդյունահանման կրճատման պատմական գործարքին, գրում է AFP-ը։
Հում ամերիկյան նավթի ֆյուչերսները առաջին անգամ պատմության մեջ փլուզվել են մինչեւ բացասական մակարդակ՝ կապված առաջարկության ավելցուկի հետ, ինչը ավելի է խորացել գնային պատերազմից, որը սկսվել է մարտին։
Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը մարտին եւ ապրիլին ավելացրել է մինչեւ ռեկորդային մակարդակի եւ առաջարկել է զգալի զեղչեր՝ ի պատասխան իր մատակարարումները սահմանափակելու Ռուսաստանի մերժման։
Այս քայլը էներգետիկ շուկաներին փակուղի է տարել, գներն ընկել են մինչեւ բազմամյա նվազագույն, քանի որ Սաուդյան Արաբիան մեծացրել է իր ֆինանսական հնարավորությունները, որպեսզի ապացուցի, որ ի տարբերություն իր մրցակիցների, ինքը երկար տարիներ կարող է դիմակայել ցածր գներին։
Անկարգությունները շուկայում վերջնական արդյունքում Ռուսաստանին եւ մյուս արտադրողներին բերել են հետ բանակցային սեղանի շուրջ, ինչը հանգեցրել է մայիսին եւ հունիսին օրական մոտ 10 մլն բարելով արդյունահանման կրճատման պատմական գործարքի։
Սակայն նավթի գները դեռեւս շարունակում էին նվազել։ «Դա գլոբալ էներգետիկ շուկայի համար նավթի համարյա երկու ամսվա տպավորիչ ցածր գներ արժեցավ, սակայն արդյունահանման կրճատման պատմության մեջ խոշորագույն գործարքի շնորհիվ Սաուդյան Արաբիան հաղթեց նավթի գների պատերազմում»,- ասում է Եվրոպական միության միջազգային հարաբերությունների գիտաշխատող Սինսիա Բիյանկոն։ Սակայն «մեծ ռիսկ կա, որ գործարքը բավական ուշացած է՝ առանց որեւէ նշանի, որ նավթի գները կայուն կաճեն, Էր Ռիադը կարող էր ազատել այն, ինչը նա ի վիճակի չէ վերահսկել»։
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում նավթի գները ոչ երկար ժամանակով բարձրացան, սակայն փլուզումը ընդգծում է երկարաժամկետ խնդիրը էներգետիկ ոլորտի համար։
Ամերիկյան օրենսդիրները մեղքը գցում են Սաուդյան Արաբիայի վրա, քանի որ տապալումը սպառնում է մղել ամերիկյան արտադրողներին սնանկացման։ «Կտրուկ ցածր մակարդակը ընդգծում է, թե ինչու մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Սաուդյան Արաբիան հեղեղի շուկան, մանավանդ հաշվի առնելով մեր պահուստների կրճատումը»,- ասել է ԱՄՆ սենատոր Քեւին Քրամերը։
«Այժմ վերջին տարիների ընթացքում ամենամեծ քանակի սաուդյան նավթային տանկերներ գտնվում են մեր ափերին մոտենալու ճանապարհին։ Հաշվի առնելով այսօրվա նորությունները՝ ես կոչ եմ անում նախագահ Թրամփին թույլ չտալ դրանց բեռնաթափումը Միացյալ Նահանգներում»։
Պատասխանելով Քրամերի մեկնաբանությունների մասին հարցին՝ Թրամփը ակնարկել է, որ դիտարկում է սաուդյան նավթի մատակարարումների դադարեցման հնարավորությունը։
Մեկ այլ ամերիկյան սենատոր Ջեյմս Ինհոֆը ավելի հեռուն է գնացել եւ առաջարկել է տուրքեր սահմանել սաուդյան նավթի համար։
Էր Ռիադն առայժմ չի արձագանքել։ Սակայն թագավորությունը ավելի վաղ անտեսել էր քննադատությունն այն մասին, որ իր դիրքորոշումը կարող է սնանկացնել նավթային մրցակիցներին։
Վերլուծաբաններն ասում են, որ գների անկումը կարող է ունենալ ամենատարբեր հետեւանքներ՝ էներգակախում ունեցող տնտեսություններում եկամուտների մեծացումից մինչեւ գլոբալ դեֆլյացիայի ուռճացում եւ նավթի հետախուզման նախագծերին հակազդեցություն։ Դա զգալի վնաս կհասցնի Պարսից ծոցի պետություններին՝ ներառյալ խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիային։ Միասին այդ երկրները կազմում են հում նավթի համաշխարհային մատակարարումների հինգերորդ մասը, այն դեպքում, երբ նավթից դրանց եկամուտները կազմում են պետական եկամուտների 70-90 տոկոսը։ Գների անկումը կարող է խափանել հավակնոտ տնտեսական բարեփոխումները, որոնք նախաձեռնվել են թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի կողմից։
Այժմ Էր Ռիադը կարող է իրեն բավարարված զգալ՝ հայտարարելով իր կամքի մասին եւ ամրապնդելով իր առաջնորդությունը համաշխարհային նավթային շուկայում եւ ցույց տալով Մոսկվային, որ ապագայում ռուսական քաղաքականությունը պետք է համապատասխանի Սաուդյան Արաբիայի նավթային ռազմավարությանը։
«Սակայն մարտը դեռ ավարտված չէ, եւ Սաուդյան Արաբիայի համար ռիսկերը բարձր են մնում։ Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինի քաղաքական գին վճարել»։




























