Հունաստանի զբոսաշրջության նախարար Հարիս Թեոհարիսը հայտարարել է, որ երկրի զբոսաշրջային հատվածը հույս ունի դառնալ «բաց բիզնես» հուլիսին:
Պատասխանելով հարցին՝ որքան արագ կարող են բացվել Հունաստանի սահմանները՝ Թեոհարիսն ասել է, որ այդ հարցը կքննարկվի առողջապահության ոլորտում փորձագետների հետ, սակայն երկիրը հույս ունի «փրկել» ամռան սեզոնի մեծ մասը:
«Ներկայում մենք գտնվում ենք ընթացակարգերի մշակման գործընթացում, որոնք կներկայացվեն փորձագետների հանձնաժողովին, եւ մենք հույս ունենք, որ նրանք կկարողանան տալ մեզ հնարավորություն աստիճանաբար բացվելու»,-պարզաբանել է նա BBC-ին տված հարցազրույցում՝ հույս հայտնելով, որ զբոսաշրջությունը կակտիվանա հուլիսին:
«Ես խոստովանում եմ, որ դա հնարավոր չէ բոլորի հետ, սակայն առնվազն մենք պետք է փորձենք բացել սահմանները որոշ երկրների հետ երկկողմանի ուղեւորությունների համար»: Թեոհարիսը բացատրել է, որ Հունաստանում ընտրվել է վիրուսի դեմ պայքարի շատ կոշտ մոտեցում:




























