Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն շաբաթ օրը հայտնել է բանտերում կանոնների խստացման եւ շուրջօրյա պարետային ժամի սահմանման մասին, քանի որ այնտեղ պահվում են հանցավոր խմբավորումների անդամներ եւ պարագլուխներ՝ ուրբաթ օրը մեծ թվով սպանություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, ուրբաթ օրը հայտնվել է մեկ օրվա ընթացքում 23 մարդու սպանության մասին տեղեկատվություն, այն դեպքում, որ կարանտինի սահմանման սկզբից երկրում սպանությունների թիվը օրական կազմել է երկու, իսկ որոշ օրեր սպանությունների մասին չի հաղորդվել։

«Քրեակատարողական հաստատությունների գլխավոր տնօրեն Օսիրիս Լունա Մեսա, արտակարգ դրության ռեժիմի հրաման տվեք բոլոր քրեակատարողական հիմնարկներում, որտեղ պահվում են ավազակախմբերի անդամներ՝ կապված հետախուզական այն տվյալների հետ, որ այնտեղից կարող են սպանությունների հրամաններ տրվել։ Օրական 24 ժամ լիարժեք ազատազրկում, ամեն օր, քանի դեռ ոստիկանական գործողություններ են անցկացվում»,- Twitter-ում գրել է նախագահը։

Բուկելեն նաեւ հավելել է, որ ավազակախմբերի պարագլուխները կտեղափոխվեն մեկուսարաններ։

«Ոչ մի շփում արտաքին աշխարհի հետ։ Խանութները կփակվեն եւ բոլոր միջոցառումները կդադարեցվեն մինչեւ հետագա ծանուցում»,- հավելել է Բուկելեն։