«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առակ

Պատկերացրեք մի իրավիճակ։ Մեկ մարդ, անունը դնենք Պողոս, հայտնվել է ճահճի մեջ և շատ դանդաղ գնում է դեպի հատակ։ Ինքնուրույն դուրս գալ նա չի կարող՝ փորձում է, բայց չի ստացվում։ Ընդ որում, ամեն նման փորձից հետո նա էլ ավելի խորն է գնում։

Ակնհայտ է դառնում, որ առանց օգնության նա ճահճից որևէ ձև չունի դուրս գալու։

Պողոսին շատ մոտիկ կա ևս մեկը, որ ձեռքում երկար փայտ ունի և միայն նա կարող է Պողոսին փրկել։ Բայց հենց այդ պահին փայտով մարդը մեկ այլ մարդու, անունը դնենք «թալանչի», ոչ թե օգնում է դուրս գալ ճահճից, այլ հակառակը՝ փայտով բրդում է «թալանչուն» էլ ավելի խորը, որ վերջինս խորտակվի։

Պողոսը ուրախ է՝ «թալանչին» պատժվում է։ Ցամաքի վրա կանգնած մարդիկ Պողոսին գոռում են, որ դիմի փայտով մարդու օգնությանը, բայց նա չի անում դա։ Պողոսը խեղդվելով հետևում է, թե ոնց է խեղդվում «թալանչին»։ Զավեշտը այն է, որ փայտով մարդն էլ, սկսում է խորտակվել, բայց տրանսի տակ շարունակում է խեղդամահ անել «թալանչին»։

Եզրահանգում. Պողոսը չի ուզում ապրել։ Իր մեջ սպանվել է ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։ Նույնիսկ իրեն փրկելու դեպքում չկա վստահություն, որ իր մոտ կարթնանա ապրելու ցանկությունը»։