Բազմաթիվ դիմումներ էին գալիս նախարարություն եւ հասկանում էինք, որ այդ սարքերի պահանջի ծավալը զգալի է եւ սա է նաեւ այս որոշման հիմքերից մեկը, թե ինչու ենք մենք գործընթացն ամփոփում մինչեւ մարտի 13–ն ունեցած արդյունքների վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե այս ընթաքում ի՞նչ քայլեր են արվել, որ բոլոր երեխաներին ապահովեն ինտերնետային կապով եւ սարքերով։

«Նախաձեռնություն ունեինք համակարգչային սարքավորումների հավաքագրման եւ ըստ մարզերի բաշխման։ Ունեցանք որոշակի սարքավորումներ, որ տրամադրել ենք մարզերին, փորձել ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, թե տեղական, թե միջազգային կազմակերպություններ են մասնակցություն ունեցել այս գործընթացին։ Հենց սկզբից, երբ հավաքագրել էինք սարքերի պահանջը, խոսում էինք շուրջ 24 հազար սարքերի պահանջի մասին, որ բոլոր մարզերից էին ստացվել։ Ինտերնետ կապի վերաբերյալ մենք բանակցել ենք կապի բոլոր օպերատորների հետ մատչելի սակագնով ապահովելու դրանց մեջ ներառված են նաեւ բոլոր կրթական հարթակների հիմնական ամսական անսահմանափակ օգտագործման հնարավորությունը»,– ասաց նա։

Լրագրողի հաջորդ հարցին,  որքա՞ն կտեւի այս կիսակրթությունը, Անդրեասյանը պատասխանեց. «Մի մասը դրա մեջ կարող է տեսնել կիսակրթություն, ես աշխատում եմ դրա մեջ տեսնել այն դրական կողմերը, որ մեզ հնարավորություն ե տալիս նաեւ զարգացնել կրթական համակարգը, դա՝ ուսուցիչների շրջանում համերաշխությունն ու համագործակցությունն է, սովորողների, ծնողների եւ ուսուցիչների կիջեւ համագործակցային նոր մոդելներ են, չնայած խնդիրներին մարդկանց պատրաստակամությունն է սովրեցնել եւ կրթել։ Ես չեմ ասում դնենք վարդագույն ակնոցներ, ուղղակի յուրաքանչյուր գործընթացը դիտենք իբրեւ հնարավորություն այն դրական փոփոխություններին, որոնց ուզում ենք տանել կրթական համակարգը, որովհետեւ լինենք ազնիվ, մեզնից, որեւէ մեկը կարծում եմ գոհ չի դպրոցներում եւ ուսումնական այլ հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակից, որ մենք ունեինք նաեւ մինչեւ արտակարգ դրությունը եւ այնպես չէ, որ բոլորս կարծում էինք, որ մեր դպրոցներից, բուհերից եւ քոլեջներից դուրս են գալիս իդեալական շրջանավարտներ, որոնք ամբողջությամբ պատրաստ են կյանքի հաջորդ փուլին։ Կրթության մեջ մեզ չբավարարող վիճակը կտեւի այնքան, քանի դեռ մենք չենք որոշել փոխել այն»,–ասաց նա։