Հոտերի ընկալման եւ նյութափոխանակության գործընթացների հիմքում ընկած կենսաբանական մեխանիզմների միջեւ հստակ կապ կա: Հոտերի եւ մարմնի քաշի կապի վերաբերյալ ուսումնասիրությունը հայտնվել է Nature Communications պարբերականում, փոխանցում է Planet-Today-ը:

Գիտնականները վաղուց կասկածում էին, որ հոտառության եւ նյութափոխանակության միջեւ կապ կա, սակայն մինչ այժմ դրա համար պատասխանատու կոնկրետ մեխանիզմները չեն ուսումնասիրվել: Այժմ հետազոտողներին հաջողվել է ավելի լավ հասկանալ այս հարաբերակցության բնույթը, ինչին նպաստել են փորձարկումները կլոր որդերի վրա:

«Կլոր որդերի նյարդային համակարգը շատ լավ է ուսումնասիրված, ուստի մենք կարող ենք օգտագործել այդ արարածները նյարդային բջիջների գործունեության տարբեր առանձնահատկություններն ուսումնասիրելու համար: Մենք պարզել ենք, որ որոշ բույրեր հոտառության նեյրոնների միջոցով կարող են ազդել մետաբոլիկ պրոցեսների վրա: Մենք նույնիսկ կարողացանք հատուկ հոտ ընտրել, որը խթանում է ճարպային նյութափոխանակության մեխանիզմը որդի օրգանիզմում»,- նշում են գիտական աշխատության հեղինակները:

Կենսաբանական գործընթացները, որոնք ակտիվանում են բույրերի ազդեցության հետեւանքով, վերահսկում են նյութափոխանակությունը, սակայն` ոչ սննդային պահվածքը: Ենթադրվում է, որ ուսումնասիրության արդյունքները թույլ կտան նոր սերնդի բուրավետ պատրաստուկների ստեղծել, որոնց միջոցով հնարավոր կլինի արդյունավետորեն վերահսկել նյութափոխանակությունը մարդկանց մոտ: