Բուլղարիան ակնկալում է ամառվա սեզոնի պատրաստությունը սկսել հունիսի 15-ին, իսկ բացումը՝ հուլիսի 1-ին, Եվրամիության երկրների զբոսաշրջության նախարարների տեսակոնֆերանսի արդյունքում հայտնել է Բուլղարիայի զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովան, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նա ընդգծել է, որ կառավրության եւ բիզնեսի համար հատկապես կարեւոր է միավորել ջանքերն այսպիսի ճգնաժամի պայմամններում, եւ կոչ է արել բուլղարացի զբոսաշրջիկներին հանգստանալ իրենց երկրում։ «Ես կարծում եմ՝ հիմա հենց ժամանակն է օգնել մեր երկրին՝ հանգստի համար այս ամառ ընտրելով Բուլղարիան։ Մեզ բոլորիս պետք է կրկին հայտնաբերել հրաշալի վայրեր մեր երկրում զբոսաշրջության համար, դա կօգնի ավելի շուտ դուրս գալ ճգնաժամից»,- ասել է Անգելկովան։
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին եւ առողջապահության նախարարությանը ներկայացվել են հյուրանոցների, ռեստորանների եւ առողջարանների շահագործման համար սահմանափակումները դադարեցնելու մի շարք սցենարներ: Դրանցից մեկը ենթադրում է նախ բացել ռեստորանների, փոքր հյուրանոցների ու առողջարանների միայն փողոցային հատվածները:
Կառավարությունը կարող է նաեւ սկսել հակաճգնաժամային արժեթղթային ծրագիր բուլղարացի զբոսաշրջիկների համար, ինչը նրանց թույլ կտա հանգստանալ Սեւ ծովի ափին եւ երկրի լեռնային առողջարաններում:
Քննարկվում է նաեւ լողափերին շեզլոնգների եւ հովանոցների վարձավճարների չեղարկումը, ինչպես նաեւ դրանց միմյանցից մեծ հեռավորությամբ տեղադրումը: Առողջապահության նախարարությունն առաջարկել է փրկարարական աշտարակները տեղադրել լողափերին միմյանցից 150 մետր հեռավորությամբ եւ դրանցում ապահովել բուժաշխատողների առկայությունը:
Հնարավոր է՝ զբոսաշրջիկների համար ներդրվեն հատուկ հայտարարագրեր, որոնցում նրանք պետք է հայտնեն, թե ուր են պատրաստվում գնալ եւ պատմեն իրենց առողջական վիճակի մասին: Նաեւ զբոսաշրջիկները պետք է հաստատեն, որ գիտեն անվտանգության կանոնները եւ պարտավորվում են պահպանել դրանք։
«Բացի բուլղարացի զբոսաշրջիկներից, մենք կսպասենք նաեւ հարեւան երկրներից հյուրերի, քանի որ քիչ հավանական է օդային հաղորդակցության այնքան արագ վերականգնումը, որ կարողանան ավելի հեռավոր վայրերից զբոսաշրջիկներ գալ»,- հավելել է Անգելկովան:





























