Չորս սպիտակ արջեր մտել են Չուկոտկայում Այոն գյուղ, գազաններին հաջողվել է քշել, մարդիկ չեն տուժել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով բնակավայրի վարչակազմին։
«Տարվա այս ժամանակ գյուղում բևեռային արջերի հայտնվելը շատ հազվագյուտ երեւույթ է: Մայր արջը փրկում էր երկու ձագերին եւ արուին: Կենդանիները մտել են գյուղ, սակայն ձնագնացների օգնությամբ արջին քշել են մի կողմ, մորը եւ ձագերին՝ մյուս կողմ»,- ասել է Այոնում Պևեկ քաղաքային շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Օլեգ Լոբովը: Նա հավելել է, որ ամռան վերջից մինչև ձմռան սկիզբը սառցե պայմանների պատճառով ժամանակ առ ժամանակ արջերը հայտնվում են գյուղում։
Սպիտակ արջը ներառված է Ռուսաստանի եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Նրանց թիվն անշեղորեն կրճատվում է։ Գլխավոր սպառնալիքներից են՝ որսագողությունը, կլիմայի փոփոխության պատճառով ծովային սառույցների մակերերսի կրճատումը, արկտիկական շրջակա միջավայրի աղտոտումը։



























