Այսօր ապրիլի 30-ն է, սակայն, ցավոք, մինչ այժմ մենք դեռ չենք հասել համավարակի տարածման վերին կետին, որի ապացույցներից մեկն այսօրվա վարակվածների թիվն է՝ 134: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ինչ խոսք, այժմ մենք պետք է մտածենք նաև դեպքերի և իրավիճակի հաղթահարման հնարավոր երկրորդ սցենարի մասին, որի շուրջ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դրա մասին ես զգուշացնում էի դեռևս արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրը՝ ս.թ. մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում համապատասխան քննարկման ընթացքում: Ես կողմ եմ մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական տեսակների սահմանափակումների վերացմանը, սակայն դեռևս չնախատեսված այլ՝ երկրորդ սցենարով, ինչպես նաև սոցիալական հեռավորության և վիճակին համապատասխան կանոնների խստիվ պահպանմամբ: Այո՛, չպետք է հակադրենք բիզնեսի աջակցության ծրագրերը սոցիալական աջակցության ծրագրերին»։

Պատգամավորը գրառմանը կից տեղադրել է 16-03-2020 թ.-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հատուկ նիստում հնչեցրած իր հարցադրումը։