Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցացիան ուշադրությամբ հետեւում է իրենց կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ հայտնում իրենց անհանգստությունն այդ մասով։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցացիան։

Հայարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ուշադրությամբ հետեւում ենք մեր կազմակերպությանն անդամակցող «Գալաքսի» ընկերությունների խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ հայտնում ենք մեր անհանգստությունը այդ մասով։

«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս իր կողմից կառավարվող 15 ընկերությունների, կարեւոր գործոն է Հայաստանի տնտեսության համար՝ աշխատատեղերի քանակով, վճարված հարկերով եւ ստեղծվող տարեկան ՀՆԱ-ի վրա ազդեցությամբ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հայկական կապիտալով միակ տելեկոմ՝ «Յուքոմ» ընկերության կառավարիչն է, ինչը ռազմավարական նշանակություն ունի։ «Գալաքսի» ընկերությունների խումբը նաեւ հանդիսանում է ԵՄ անդամ երկրների մի շարք խոշոր կորպորացիաների պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում՝ համատեղ ներդրումային նախագծերի եւ գործունեության միջոցով։

Կարեւոր ենք համարում, որ այս գործոններով պայմանավորված ընկերությունների խմբի եւ առանցքային դերակատարների ուղղությամբ ցանկացած գործողություն շրջահայաց ու բազմակողմանի դիտարկմամբ, ինչպես նաեւ ացառապես իրավական հենքով կառուցվի, քանի որ դրա շղթայական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա մեծ է եւ անզգույշությամբ կարող է վնաս կարող հասցվել ՀՀ աշխատաշուկային, տնտեսությանն ու երկրի հեղինակությանը՝ միջազգային ներդրումների ներգրավման տեսանկյունից»։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 30-ին, ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում եւ բնակարաններում իրականացվում էին համաժամանակյա խուզարկություններ։