Երեւանի ավագանու անդամ, Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը քաղաքականությամբ չի զբաղվում եւ դա համարում է առավելություն: Նրա խոսքով`մեր պետության կայանալը ոչ ոք չի կարող իրեն վերագրել, քանի որ, ըստ նրա,  պատմական իրադարձությունների շնորհիվ մենք ունեցանք պետություն. «Իրենց մասնագիտության մեջ չկայացած մարդիկ որոշեցին իրենց համար զբաղմունք գտնել եւ մտան քաղաքականության մեջ:  Ես այդ տեսակի մարդկանց լուրջ չեմ կարող վերաբերել: Ես լուրջ եմ վերաբերում այն քաղաքական գործիչներին, ովքեր սեփական կենսագրության շնորհիվ եւ անհրաժեշտության շնորհիվ մտան քաղաքական դաշտ, պահը պահանջեց: Այդ տեսակները մեզ մոտ կան: Մեր նախագահ Սերժ Սարգսյանին այդպիսին եմ համարում, եւ իմ տպավորությունն է այդպիսին, եւ անձնական շփումների արդյունքում եմ դա տեսել»,- ասաց նա:

Նա կտրականապես դեմ է այն մարդկանց, ովքեր փորձում են  «մեր փխրուն պետականությունը անընդհատ  ցնցել  սեփական ամբիցիան բավարարելու նպատակով», իսկ այդպիսին համարում է Հայաստանի առաջին նախագահին: Նրա խոսքով`այդ տարիներին ազգը առողջությունը կորցրեց: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին`Ռոբերտ Քոչարյանին, ապա Լեւոն Իգիթյանն ասաց, որ նա պաշտոնի գալուց  կործանված երկիր է ժառանգություն ստացել, իսկ գնալուց  արտադրական երկիր  է թողել:

Իսկ 2012թ խորհրդարանական ընտրություններին Իգիթյանը կանգնելու է գործող նախագահի կողքին:  NEWS.am-ի հարցին ի պատասխան` ճարտարապետն ասել է, թե ինքը անչափ հարգում է մեր «պրեզիդենտին» եւ դրա համար  հիմքեր ունի`«հարգանքը հիմնավորված է»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչու չի դառնում կուսակցության անդամ, նա պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում այդքան կուսակցություն պետք է լինի: Կուսակցական պատկանելիությամբ չի որոշվում, ես պետություն սիրող մարդ եմ, եւ բոլոր նրանք, ովքեր ցնցում են պետությունը ինձ համար թշնամի են»: