Այսօր Կենտրոնական բանկի հետ քննարկում ենք վիրտուալ ՀԴՄ–ի գաղափարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներին և գործիքներին։

«Դա նոր համակարգ է, որն արդեն ստեղծված է ՊԵԿ–ում եւ սպասում ենք, որպեսզի բիզնեսն առաջ գա եւ ինտեգրվի այդ համակարգի հետ։ Դա համակարգ է, որը հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։ Համավարակի պայմաններում մի քիչ ավելի լայնացրեցինք շրջանակը, բոլոր այն կազմակերպությունները, որոնք ծառայություն են մատուցում հեռախոսի միջոցով, պատվերներ են ստանում տարբեր եղանակներով. դա էլեկտրոնային ՀԴՄ–ն է, որն ինտեգրվում է իրենց ներսի էլեկտրոնային համակարգի հետ եւ տեղեկատվությունն օնլայն եղանակով ֆիսկալավորվում է ՊԵԿ–ում եւ ՀԴՄ կտրոնը, թե վիրտուալ, թե թղթային ձեւով կարող են տպել։ Դա եւս օգնում է, որ մեր սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ մեր տնտեսվարողները, որոնք մատուցում են էլեկտրոնային ծառայություններ, հնարավորություն ունենան ավելի որոակով եւ ավելի արագ ծառայություններ մատուցեն մեր սպառողներին»,– ասաց Փաշայանը։

Նրա խոսքով՝ ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները շարունակվելու են եւ ավելի բարձր որակի ծառայություններ են սպասվում։