Ուսամա բեն Լադենի սպանությունը, թերեւս, ավելի կբարդացնի պայքարը գլոբալ ահաբեկչության դեմ, քանի որ եթե նախկինում գոյություն ուներ մեկ գլոբալ ահաբեկչական կազմակերպություն, որը կառավարվում էր մեկ կենտրոնից, սպանությունից հետո հնարավոր է այդ կազմակերպության մասնատում եւ լոկալ առաջնորդների առաջացում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը:

Նա միաժամանակ քիչ հավանական է համարել Մերձավոր Արեւելքում իրավիճակի արմատական փոփոխությունը: «Բեն Լադենը խորհրդանիշ էր, իսկ խորհրդանիշների ոչնչացումից հետո գործընթացները չեն դադարում, դրանք շարունակում են զարգանալ այս կամ այլ հունով»,- նկատել է փորձագետը: Միեւնույն ժամանակ Ոսկանյանը չի բացառել հնարավորությունը, որ սպանությունից հետո առաջին օրերին նրա կողմնակիցները կարող են շփոթմունքի մեջ լինել, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու: