Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ի դեմս մասնավոր բիզնեսի ներդրողները փող են ներդնում պետության մեջ, իսկ այն այդ միջոցների հաշվին բացում եւ աջակցում է երկրում արդեն գոյություն ունեցող խոշոր պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, որոնք ի վիճակի են շուկայում իրենց մենաշնորհը հաստատել եւ ճնշել մասնավոր հատվածը: Այս մասին մայիսի 12-ին Ազգային ժողովում Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի աշխատանքային նիստի ժամանակ ասաց «Ստանդարտ Դիալոգ» ընկերության տնօրեն Արման Արարատյանը:

Ընկերության տնօրենի խոսքով՝ բիզնեսը չի կարող մրցակցել պետության հետ, նաեւ նման պայքարի մեջ մտնելու ընդհանրապես ոչ մի ցանկություն չունի:

Միաժամանակ, ինչպես նշեց Արարատյանը, պետությունը բիզնեսին կոչ է անում ներգրավվել պետության կառուցման գործընթացին՝ նոր աշխատատեղեր ստեղծելով:

«Արդյունքում՝ մենք հայտնվում ենք մի իրավիճակում, երբ պետությունը կիրառում է երկակի ստանդարտների սկզբունքը, եւ մենք հայտնվում ենք խնդրահարույց իրավիճակում»,- պարզաբանեց ընկերության տնօրենը՝ առաջարկելով տարանջատել պետության եւ մասնավոր հատվածի պարտավորությունները, որ նրանք միմյանց չխանգարեն:

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ ոչ մի հակասություն չի տեսնում: Խորհրդարանականի կարծիքով՝ մասնավոր հատվածն ուղղակի վախենում է ՊՈԱԿ-ների հետ մրցակցությունից, քանի որ մասնավոր լաբորատորիաների ծառայությունները պարզապես չեն ձգում մինչեւ անհրաժեշտ ստանդարտներ: