Մանկապարտեզի տնօրենին 2–3 օր առաջ կանչեցի ինձ մոտ եւ բացատրություն պահանջեցի իր գրառման հետ կապված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը՝ անդրադառնալով նույն վարչական շրջանի N 85 մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի՝ «Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» ֆեյսբուքյան գրառմանը՝ կապված մայիսի 8–ին ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպին, երբ Սասուն Միքայելյանը հարձակվել էր Էդմոն Մարուքյանի վրա։
«Բռնության ցանկացած կոչ անընդունելի է։ Ինքը բացատրեց, որ ակնարկ էլ չի ուզեցել անի, որեւէ չարության խոսք չի ուզեցել ասի, որեւէ մեկին դրանով չի ուզեցել վիրավորի, այլ ասաց, որ պապական խոսք էր, բայց շատ հուզված էր, ինքն իր արարքից փոշմանած էր իրականում եւ պատրաստ էր ազատվելու դիմում գրեր, բայց տվյալ մանկապարտեզի վերջին ժամանակների ցուցանիշները բավականին լավն են, երեխաների թվի ավելացում կա, Լիլիթը, որպես մասնագետ իրականում մեզ պետք է այդ ոլորտում աշխատելու համար»։
Հարցին, թե մանկապարտեզի տնօրենը նկատողություն ստացե՞լ է՝ բացի բանավոր զգուշացումից, Կարապետյանը պատասխանեց. «Ասացի, որ հետեւություններ անի, այլեւս զերծ մնա նման բաներից, բանավոր նկատողություն է տրվել, դրա համար մենք հիմք չունենք, որ նկատողություն տանք, դա աշխատանքի հետ կապված բան չէ, ոչ կանոնադրային երեւույթ է իրականում, ուղղակի զգուշացումով հասկացավ, իր սխալն ընդունեց։ Բնականաբար, հաջորդ անգամ նման արարքը ոչ մի կերպ ընդունելի չի լինի»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում մայիսի 8–ին «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին բուռն արձագանքներ եղան, որոնցից մեկն էլ Երեւանի N 85 մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումն էր։
«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է»,– գրել էր նա եւ կից լուսանկար հրապարակել ԱԺ–ի միջադեպից, ապա ավելի ուշ փակել էր ֆեյսբուքյան էջի իր հաշիվը։
Գրառմանն անդրադարձել էր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի տեղակալի կնոջ քույրն է.
«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» - այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք ինչու է մանկապարտեզի տնօրենը այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։ Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց հները պետք է հեռանան ոչ թե նոր և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։ Վերջիններս էլ կլեգիտիմացնեն իրենց նշանակած իշխանությունների կողմից կիրառված բռնությունը։ Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրը ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը իր նոր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում։ #ԼեգիտիմԲռնություն #ԽԾԲ #ՆորԻշխանություններ #ՆորԱզգականներ»։
Գրառմանն արձագանքել էր նաեւ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը.
«Քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորում եմ պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ: Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որևէ նախասիրությունից, և այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավելևս, անթույլատրելի է որևէ դիրքորոշում, որը կարող է մեկնաբանվել իբրև բռնության արդարացում»:
.jpg)





























