Թերթը գրում է, որ Թուրքիայի բնակչության 64 տոկոսը դեմ է ատոմակայաններ կառուցելու իսլամիստ-պահպանողական կառավարության նախագծին` «գտնելով, որ երկիրը պատրաստ չէ ընդունելու նման տեխնոլոգիա: Այդ են վկայում «Հյուրիեթ» թերթի հրապարակած հարցման արդյունքները:
Հարցման մասնակիցների միայն 6,6 տոկոսն է կարծում, որ խաղաղ միջուկային տեխնոլոգիան օգուտ կտա երկրին: «Գրինփիսի» պատվերով հարցումը ապրիլի սկզբներին անցկացրել է A&G ընկերությունը:
Ընդդիմացողների բաժինը 70 տոկոսից ավելի է Թուրքիայի հարավում եւ հյուսիսում, որտեղ պետք է կառուցվեն առաջին երկու ռեակտորները: 86 տոկոսը չէր ուզենա բնակվել ատոմակայանի մոտակայքում:
Անկարայի կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարում կառուցել 3 ատոմակայան` անտեսելով Ճապոնիայում պատահած միջուկային աղետը:
2010-ին Անկարայի եւ Մոսկվայի կնքած համաձայնագրով նախատեսվում է ռեակտոր կառուցել Ակկույուում (Մերսինի նահանգ), մինչդեռ բնապահպանները նախազգուշացնում են, որ այդ շրջանը սեյսմավտանգ է:
Թուրքիան նաեւ Ճապոնիայի հետ բանակցում է Սինոպում (հյուսիս) երկրորդ ատոմակայանի կառուցման հնարավորության շուրջը:





























