«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերջնականապես տեղի է տվել եւ համակերպվել է դատվելու մտքի հետ՝ խոստանալով դատարանում լինել «հնազանդ»։
«Ի սկզբանե Թամամյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունք տալ՝ խոստանալով դատարանում խոսել։ Ավելին, նա ոստիկանության ղեկավարությանը սպառնացել է, որ եթե իրեն «չփրկեն», ապա ինքը իր հետեւից էլի մարդկանց է տանելու։ Մարտի 1-ի քրեական գործը նոր թափով քննելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Թամամյանին տեղեկացրել են, որ եթե նա իր ճակատագրի հետ չհամակերպվի, ապա իրեն նոր մեղադրանք կարող է առաջադրվել։ Նրան հասկացրել են, որ բոլոր հիմքերը կան, որ իրեն մեղադրանք առաջադրվի մարտի 1-ի առավոտյան դեպքերի առիթ դարձած կեղծ օպերատիվ տվյալներ սարքելու համար»,-գրում է թերթը։





























