NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ:
Պրն Ալավերդյան, կառավարությունը փոխել է ՀԴՄ շահող կտրոնների դիմաց պարգեւավճարների կարգը՝ այսուհետ խաղարկվելու են միայն ավտոմեքենաներ, իսկ դրամական պարգեւավճարներ չեն լինի։ Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը։
ՀԴՄ շահող կտրոնների վիճակահանությունը սկսել է 2009 թ. հունվարի 1-ից եւ այդ ընթացքում փորձարկել ենք մի քանի մոդելներ։ Առաջին փուլում փորձարկեցինք միայն դրամական շահումները սահմանափակ քանակի քաղաքացիների համար։ 2009 թ. կեսերից կիրառության մեջ դրվեց բոնուսների համակարգը, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ ներգրավենք։ Զուգահեռ ներմուծեցինք ավտոմեքենաների շահումները։
Այսինքն՝ վիճակահանության բոլոր ձեւերը փորձարկեցինք։ Այս ամենը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ մեր քաղաքացիներին ներգրավել ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացի մեջ։ Ու այդ առաքելությունը կարելի է համարել հաջողված՝ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ առաջացավ հասարակական վերահսկողություն։ Շահող կտրոնների շնորհիվ խոշոր, այնուհետ միջին խանութները սկսեցին տրամադրել ՀԴՄ կտրոններ, իսկ մինչ այդ տնտեսվարողների 90 տոկոսը կտրոն չէին տրամադրում։ Այսօր էլ կան դեպքեր, երբ կտրոն չեն տրամադրում եւ խոշորները, եւ միջինները, իսկ փոքրերի մի մասը շատ հազվադեպ են տրամադրում։ Սակայն մշակույթն, ընդհանուր առմամբ, ձեւավորված է։
Ապրիլի 1-ից անցնում ենք նոր համակարգի՝ խաղարկելով միայն ավտոմեքենաներ՝ ամսական 15 մեքենա։ Սա կտեւի մինչեւ տարեւերջ, իսկ մեկ եռամսյակ անց արդեն կգնահատենք, թե արդյունքներն ինչպիսին են։
Բոնուսների եւ շահումների տրամադրման ընթացքում կարծես թե ի հայտ եկան խնդիրներ՝ ուշացումներ, ձգձգումներ։ Դա դեր ունեցա՞վ այդ մեխանիզմից հրաժարվելու որոշումը կայացնելիս։
Մենք վերլուծություններ ենք կատարել, որ ցույց է տալիս հասույթների աճը։ Բայց բոնուսային համակարգն իր ծավալներով ու վարչարարությամբ բավական ուռճացել էր։ Այս 2,5 տարվա ընթացքում պարգեւատրումների եւ բոնուսների վրա պետությունը մոտ 10 մլրդ դրամ ներդրում արեց։
Ճգնաժամային եւ հետճգնաժամային տարում դա լուրջ ներդրում է, եւ դա այն գինն է, որ պետությունը վճարեց մի մեխանիզմի ներդրման համար, որին ձգտում էինք 12-13 տարի։ Ցանկալի արդյունքը ստանալու համար միայն խրախուսելը բավարար չէ՝ խրախուսելուն զուգահեռ հարկավոր է նաեւ կիրառել վերահսկողական մեթոդներ։ Հաջորդը՝ այն վարչարարությունն է, որ իրականացվում է շահումները վճարելիս։ Բոնուսների պիկի ժամանակ գործ ունեցանք 100 հազարից ավելի մարդկանց հետ, որը վարչարարական լուրջ խնդիրներ առաջացրեց։ Հարկային մարմնից գումարների տրամադրման գործառույթը տեղափոխվեց բանկերի եւ փոստային բաժանմունքների մոտ։ Նշեմ, որ այս տարվա մարտին ունեինք 110 հազարից ավելի կտրոն ներկայացնողների բանակ, որը կրկին վարչարարական լուրջ խնդիրներ առաջացրեց։ Չէ՞ որ պետք է ստուգել ներկայացրած բոլոր կտրոնների իսկությունը, արժանահավատությունը, ապահովել վճարված գումարների նկատմամբ հսկողությունը։ Մի կողմից լավ է, որ մեծ քանակությամբ մարդիկ են ներգրավվում այս գործընթացի մեջ, մյուս կողմից՝ ամեն ամիս գործ ունենալ 100 հազարից ավելի մարդու հետ՝ այնքան էլ արդարացված չէ։ Նկատեմ, որ «Հայփոստը» կամ «Արարատբանկը» (բանկերից միակն է, որ այս պահին ներգրավված է գործընթացում) մասնագիտացված չեն այդ գործառույթը սկզբից մինչեւ վերջ տանելու մեջ՝ կտրոնների ընդունում, պահպանում, արխիվացում, դրանց նկատմամբ վերահսկողություն եւ այլն։ Վարչարարության ռիսկերը պետք է կրճատվեին, ու դրա ուղիներից մեկն այն է, որ ամեն ամիս գործ չունենանք այդքան շատ մարդկանց հետ։
Հազարավոր մարդիկ դուրս կմնան ՀԴՄ կտրոնների շահումները ստանալու գործընթացից։ Մտահոգություն չկա՞, որ դա կնվազեցնի հետաքրքրությունը ՀԴՄ կտրոնների նկատմամբ։
Այդպիսի ռիսկ կա։ Բայց նաեւ՝ մեր քաղաքացիներն իրենց քաղաքացիական պարտքը պետք է կատարեն որպես սպառողներ։ Նախեւառաջ՝ ՀԴՄ կտրոնը սպառողի իրավունքների շահերի պաշտպանության մեխանիզմ է։ Բոնուսների եւ շահումների տրամադրումը չի կարող մշտական լինել, ճիշտ չի երկարատեւ ժամանակահատվածում քաղաքացիներին վճարել մի բանի համար, որը նրանց իրավունքի հարցն է։ Գալու էր մի պահ, որ դա պետք է դադարեր։ Եթե մեր քաղաքացիներն իսկապես կհիասթափվեն, ու այլեւս կտրոն չեն պահանջի՝ մենք անշուշտ քայլերի կդիմենք։ Երկրներ կան, որ շատ կտրուկ քայլեր են կատարել այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք երկրորդ կամ երրորդ անգամ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։
Հարցը ոչ միայն հասարակության խրախուսման միջոցով է լուծվում, այլ հսկողական այլ գործիքների միջոցով։ Օրինակ՝ մենք պետք է զգալիորեն բարձրացնենք ՀԴՄ կտրոններ չտրամադրողների մասին իրազեկվածության աստիճանը։ Պետք է անկասելի դարձնենք պատասխանատվությունների կիրառումը՝ տուգանքների կիրառումը կամ գործունեության կասեցումը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիների որոշակի խումբ գուցե հետաքրքրությունը կորցնի ՀԴՄ կտրոնների նկատմամբ, բայց հասարակության մեծ մասին դա չի վերաբերում։ Քաղաքացիների մի մասը չի ցանկանում նյարդեր կամ ժամանակ ծախսել ՀԴՄ կտրոն պահանջելու համար, սակայն թեկուզ մեկ պահանջը բավարար է, որ համապատասխան աշխատողը կտրոնը տրամադրի։ Բայց եթե այդ պահանջը չեն ուզում հնչեցնել, պետք է մտածենք ներդնել այլ մեխանիզմներ, որ տնտեսագիտորեն ավելի հիմնավորված կլինեն, ու ավելի մեծ արդյունք կապահովեն։
Շատերին հետաքրքրում է, թե ի՞նչ մեքենաներ են խաղարկվելու։ Կա՞ն հստակեցումներ այս առումով։
Հունվարից սկսած արդեն 60 ավտոմեքենա տրամադրել ենք մեր քաղաքացիներին։ Ավելի հստակ՝ 59 ավտոմեքենա, քանի որ 1 դեպքում կեղծիք է տեղի ունեցել եւ հետաքննություն է տարվում։ Եթե տվյալ քաղաքացու մեղքը հաստատվի, ապա մեքենան կտրամադրվի այդ ամսվա ամենաբարձր հերթական արդյունքը ունեցող քաղաքացուն։ Առաջին խաղարկության ժամանակ տրամադրեցինք «Դեու» մեքենաներ, որովհետեւ պարզվեց, որ հունվարին Հայաստանում չկար մի ընկերություն, որը 30 միատեսակ ավտոմեքենա ունենար։ Երկրորդ խաղարկության ժամանակ տրամադրեցինք «Կիա» մակնիշի մեքենաներ։ Ընդ որում՝ կան «Կիա» մակնիշի տարբեր որակի մեքենաներ, սակայն ընկերությունն առաջարկեց բարձր որակի մեքենաներ՝ ապահովելով նաեւ այլ ծառայություններ։ Հնարավոր ենք համարում հետագա խաղարկությունների ժամանակ ներառել այլ մակնիշի ավտոմեքենաներ, եթե ընկերությունները ներկայացնեն հետաքրքիր առաջարկներ՝ 1 ավտոմեքենայի համար 5 մլն դրամի շրջանակներում։
Մրցույթ է հայտարարվել, սակայն, որքան էլ զարմանալի է՝ կազմակերպությունների մի մասն ընդհանրապես չի մոտենում մրցույթին, որովհետեւ իրենց կողմից ներմուծվող ավտոմեքենաները զգալիորեն թանկ են այդ գնից։ Մյուս պայմանն այն է, որ ընկերությունը պետք է համապատասխան քանակի ավտոմեքենա ունենա իր տրամադրության տակ, որպեսզի շահումները տրամադրելիս ձգձգումներ չլինեն:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը





























