ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանն արդեն 7-րդ ամիսն է, որ չի կարողանում վերադառնալ Հայաստան. այդ հարցով նա դիմել է ՀՀ Ազգային ժողովի 132 պատգամավորներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Ես փորձում եմ անել հնարավորինս ամեն ինչ, որ խնդրին տրվի արդար ու իրավական լուծում։ Այս ընթացքում դիմել եմ ՀՀ գրեթե բոլոր պետական եւ իրավական մարմիններին՝ որպեսզի վերականգնվի իրավական արդարությունը եւ ես վերադառնամ հայրենիք։
Ավելին, ես մի քանի անգամ անձնական նամակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել իմ հարցով, քանի որ սա աննախադեպ խայտառակ իրադարձությունը, որը բխում է Հայաստանի Հանրապետության թշնամիների շահերից։ Սակայն, մինչ օրս որեւէ արձագանք այդպես էլ չեմ ստացել։ Ցավոք, անարդարությունն այս հարցի վերաբերյալ դեռ շարունակվում է։
Վերջերս դիմում-խնդրանք էի ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի բոլոր՝ 132 պատգամավորներին, այդ թվում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով իրենց իմ հարցով դիմել ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա անձամբ զբաղվի իմ հարցով, եւ տա հստակ լուծում՝ վերականգնելով իրավական արդարությունը»,- ասաց Անդրանիկ Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ այս պահին արձագանքել է 5 պատգամավոր. «Նրանք ասացին, որ ցավում են ինձ հետ տեղի ունեցածի համար եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձեն ստանալ պարզաբանում: Կարող եմ նաեւ տեղեկացնել, որ իրենք ներկայացնում են երեք տարբեր խորհրդարանական ուժեր»։
Անդրանիկ Հովհաննիսյանը նշեց, որ Ղազախստանում էլ շարունակում է իր ստեղծագործական գործունեությանը. «Ես շարունակում եմ հրապարակել նոր գիտավերլուծական աշխատանքներ եւ միջազգային ասպարեզում պատվով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը՝ նպաստելով հայրենիքիս գիտավերլուծական մտքի զարգացմանը։ Վստահ կարող եմ ասել, որ հանձնվողներից չեմ, պայքարող անձնավորություն եմ, եւ անարդարությունը չեմ կարող հանդուրժել։ Հետեւաբար՝ պայքարելու եմ մինչեւ վերջ, որպեսզի վերականգնվի իրավական արդարությունը»։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը, սակայն մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը իրենից վերցրել է կացության քարտը՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։ «Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նրան արգելել են մուտք գործել Հայաստան՝ առանց որեւէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն»։ Նա մեկ շաբաթ անց մեկնել է Ղազախսան՝ ծնողների մոտ։
Նշենք՝ ԱԱԾ-ից հայտնել էին, որ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:





























