Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Նա հայտարարել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան չի պահպանում պայմանագիրը։

Նրա խոսքերով՝ «Ռուսաստանին բռնացրել են շատ վատ բաներ անելիս», եւ ինքը կարծում է, որ այս որոշումը «կգործի»։

Ավելի վաղ, հինգշաբթի օրը, վարչակազմը ծանուցել էր արտասահմանյան գործընկերներին Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Պայմանագիրը թույլ է տալիս անզեն օդային դիտորդական թռիչքներ մասնակից-երկրների օդում։

Վարչակազմում հայտարարում են, որ ԱՄՆ-ը ուզում է դուրս գալ պայամանգրից, քանի որ Ռուսաստանն այն խախտում է, իսկ թռիչքների ընթացքում հավաքած տվյալները ավելի արագ ու էժան կարելի է ստանալ ամերիկյան կամ կոմերցիոն արբանյակներից։ Ինչպես սպասվում է, պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը կսրի լարվածությունը Մոսկվայի հետ հարաբերություններում եւ որոշ եվրոպական գործընկերների ու Կոնգրեսի անդամների դժգոհությունը կառաջացնի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Պայմանագիրը, որին անդամակցում են 34 երկրներ, կնքվել է տասնյակ տարիներ առաջ՝ վստահությունը բարձրացնելու եւ հակամարտությունները կանխելու նպատակով։