Մոսկվան մերժում է Բաց երկնքի պայմանագրից դուրս գալն ինչ-որ տեխնիկական խնդիրներով արդարացնելու ցանկացած փորձ, ոչինչ չի խանգարում հարցերի քննարկմանը, որոնք ԱՄՆ-ը փորձում է ներկայացնել որպես խախտումներ Ռուսաստանի կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից, քանի որ Ռուսաստանը խախտում է այն։

«Մենք մերժում ենք այդ հիմնավոր համաձայնագրից դուրս գալը ինչ-որ տեխնիկական խնդիրների առկայությամբ արդարացնելու ցանկացած փորձ։ Հիշեցնեմ, որ ռազմական անվտանգության ոլորտի ցանկացած պայմանագիր, որպես կանոն, շատ բարդ մատերիա է։ Եւ քաղաքական կամքի առկայության դեպքում (իսկ դրանք ստորագրվում են այն ժամանակ, երբ քաղաքական կամք կա) բոլոր խնդիրները լուծվում են համագործակցության հիման վրա, շահերի հավասարակշռման հիման վրա եւ ուշադրություն դարձնելով համապատասխան ռեժիմների կենսունակությունը պահպանելու անհրաժեշտությանը»,- ասել է Գրուշկոն։

«Հետեւաբար, ոչինչ չի խանգարում շարունակել այդ տեխնիկական հարցերի քննարկումը, որոնք ԱՄՆ-ն այսօր փորձում է ներկայացնել որպես Ռուսաստանի Դաշնության կողմից ինչ-որ խախտումներ: Դա անելու համար բացարձակապես անհրաժեշտ չէ պայմանագրից դուրս գալը, բայց եթե դուք դուրս գաք համաձայնագրից, ապա տեխնիկական հարցերի որեւէ լուծում չի լինի, չի լինի այն գործիքը, որն արդեն ավելի քան 20 տարի ծառայում է Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության պահպանման շահերին, եւ եղել է ռազմական անվտանգության համակարգի անբաժանելի մասը, որտեղ բոլոր տարրերը փոխկապակցված են»,- ընգծել է նա:

Բաց երկնքի պայմանագիրը բազմակողմանի միջազգային փաստաթուղթ է, որը թույլ է տալիս այն ստորագրած երկրների տարածքում անզեն հետախուզական թռչող սարքերի ազատ թռիչքները։ Պայմանագիրը ստորագրվել է 1992թ․ մարտի 24-ին, Հելսինկիում՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության 23 անդամ-պետությունների կողմից։ Պայմանագրի նպատակը ռազմական գործողությունների եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող պայմանագրերի պահպանման վերահսկման մեխանիզմների կատարելագործման միջոցով պետությունների միջեւ վստահության ամրապնդումն է։ Այժմ պայմանագրին մասնակցում են 34 պետություններ։