Երեկ` մայիսի 3-ին մեկնարկել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստին  մասնակցել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վահան Հովհաննիսյանը (ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Սարգսյանը, Արտակ Զաքարյանը, Խաչիկ Հարությունյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Մելիքյանը, Ստյոպա Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Սահակյանը, Վահե Էնֆիաջյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, որից հետո ելույթ են ունեցել ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանների ղեկավարները:

Առաջինը ելույթ է ունեցել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նշել է. «Դեռեւս 2004 թվականին, երբ սկիզբ առավ Եվրամիության հարեւանության քաղաքականությունը, Եվրամիության երկարաժամկետ նպատակն էր օժանդակություն տրամադրել Արեւելյան գործընկեր երկրներին եւ նույնատիպ ծրագրերի իրականացման միջոցով դյուրացնել նրանց անցումային փուլը դեպի լիարժեք ժողովրդավարություն:

Այս համատեքստում ակնհայտ է ԵՎՐԱՆԵՍԹ-ի ինքնատիպությունը: Արեւելյան գործընկերները ոչ թե անդամակցում են արդեն իսկ գոյություն ունեցող Եվրոպական կառույցի, այլ իրենք են նման կառույցի հիմնադիր հանդիսանում»,- նշել է Աբրահամյանը:

Ըստ ԱԺ նախագահի, Հայաստանը մշտապես ապացուցել է իր հավատարմությունն այս համամարդկային արժեքներին եւ եղել համագործակցության ջատագովը, իր հարեւանների հետ հարաբերությունների բնականոն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման կողմնակիցը:

Հայաստանի ԱԺ նախագահը նկատել է, որ հարավկովկասյան երեք երկրների մասնակցությունը ԵՎՐԱՆԵՍԹ- ին իրոք կարող է շատ օգտակար լինել մեր տարածաշրջանն առավել կանխատեսելի դարձնելու առումով: «Հայաստանը կիսում է Եվրամիության այս տեսակետը: ԵՎՐԱՆԵՍԹ-ը նաեւ նոր թափ կհաղորդի մեր միջեւ առկա հարաբերություններին` հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես խորհրդարանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների միջեւ կապերի ամրապնդման համար»,- նշել է Աբրահամյանը:

Խորհրդարանների ղեկավարների ելույթներից հետո ստորագրվել է  ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի  հիմնադիր ակտը եւ ընդունվեց կանոնակարգը:  ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընտրվել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի փոխնախագահ: