Եթե նախկինում լեգենդներ էին շրջում «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի կյանքի մասին, ապա այժմ նրա մահվան հանգամանքներն են պարուրված նոր, երբեմն հակասական հանգամանքներով:
Որոշ վերլուծաբաններ, հիմնականում մահմեդական երկրներից, վստահ են, որ ԱՄՆ-ը կրկին ստել է:
Պարզվել է, որ հատուկջոկատայինները նրան գնդակահարել են, երբ բեն Լադենն անզեն է եղել: Կրակին յուղ է լցրել բրիտանական The Daily Mail-ը` նշելով, թե ահաբեկչին սպանել են 12-ամյա դստեր աչքի առաջ: Աղջիկը եղել է այն 17-18 անձանց մեջ, ովքեր գործողության պահին եղել են տանը:
Հայտնի է դարձել, որ որեւէ «ուղիղ հեռարձակում» չի եղել: Նախագահ Օբաման եւ նրա վարչակազմի ներկայացուցիչները իսկապես տեսել են որոշ կադրեր, քանի որ հետեւակայինների սաղավարտների վրա տեսախցիկներ են եղել, սակայն բեն Լադենին գնդակահարելու պահը մնացել է կադրից դուրս:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին պատմել է, թե ահաբեկչի կանանցից մեկը հարձակվել է զինվորների վրա եւ վիրավորվել ոտքից:
Սպանվածների մեջ կա մի կին, բեն Լադենի սուրհանդակ Աբու Ահմեդ էլ-Քուվեյթիի կինը, ով ընկել է խաչաձեւ կրակի տակ:
Ընդամենը գնդակահարվել է հինգ մարդ, բեն Լադենը, նրա որդին, էլ-Քուվեյթին, վերջինիս կինն ու եղբայրը:





























