«Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են պառակտել մեր երկիրը»,- այս մասին Մուշում նախընտրական ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հերքելով քրդական հարցի գոյությունը եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանն անվանելով խաբեբաներ:
«Մենք ժողովրդի հետ միասին հանդես կգանք նրանց դեմ, ովքեր խաբում են մեր քուրդ եղբայրներին ու քույրերին: Մենք արժանի պատասխան կտանք նրանք մեր քվեներով: Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են եղբորը եղբոր դեմ հանել, պառակտել երկիրը: Մենք մեր երկիրը չենք դնի Քրդական բանվորական կուսակցության (PKK) ոտքերի տակ: Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են ձախողել ժողովրդի կամարտահայտության ժողովրդավարական իրավունքը»,- հայտարարել է Էրդողանը:
«Սա մեր երկիրն է, մեր հայրենիքը: Այստեղ տեղ չունեն խտրականությունն ու անջատողականությունը: մենք միասնական ենք, մենք միասին ենք: Մենք միասին կլինենք, մեծ ու ուժեղ կլինենք: Մենք ընկերներ ու բարեկամներ չենք, մենք հավերժ եղբայրներ ենք: Մենք եղբայրներ ենք, ինչպես Եփրատն ու Տիգրիսը, ինչպես Սիփանն ու Արարատը: Մենք անբաժանելի ենք ինչպես երկինքն ու երկիրը: Մենք պետք է իմանանք, որ նա, ով ասում է հակառակը, հերքում պատմությունը, սպանում է ճշմարտությունը եւ հերքում ինքն իրեն:
Մեր երկրում այլեւս չկա քրդական հարց: Կան խնդիրներ իմ քուրդ եղբայրների համար, բայց քրդական հարց չկա: Թայիփ Էրդողանը տեր չէ, այլ ձեր ծառան»,- ասել է Թուրքիայի վարչապետը:





























