Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը մայիսի 6-ին տեղի կունենա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն, որը կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ 2009 թվականից:

Փառատոնի մասնակիցները Հայաստանի առաջատար բուհերն են: Ամեն բուհ-մասնակից հանդես է գալու մի քանի ֆրանսիական երգով: Ժյուրիի անդամներն են Հայաստանի հայտնի երաժիշտները, ժյուրիի նախագահը Հայաստանի Հանրային ռադիոյի  էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանն է:

Փառատոնի պատվավոր հյուրերն են Հայաստանւմ Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն, Հայաստանւմ Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Ռումինիայի դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուն եւ մասնակից բուհերի ռեկտորները: Մրցույթի հաղթողը կստանա գրան-պրի մրցանակ` երկշաբաթյա այցելություն Ֆրանսիա: