Պատմությունը կեղծելու Ադրբեջանի փորձերը բոլորովին էլ նորություն չեն: Այդ մասին հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` ելույթ ունենալով «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովում:
Մարտիրոսյանի խոսքով, ադրբեջանցի գործընկերները նման փորձեր ձեռնարկել են դեռ ԽՍՀՄ ժամանակներից: Այդ կապակցությամբ Մարտիրոսյանն արձանագրել է, թե Ադրբեջանին հաջողվել է ինչ-ինչ հաջողությունների հասնել հակահայկական քարոզչության մեջ:
Ուստի, ըստ Մարտիրոսյանի, Հայաստանին անհրաժեշտ է օգտագործել ցանկացած առիթ միջազգային հանրությանը ճիշտ տեղեկատվություն հասցնելու համար:
Երեւանի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը նշել է, թե ադրբեջանցի ժողովուրդը կեղծման փորձեր է արել իր ստեղծման առաջին օրվանից: Ընդ որում, նվաճողական քաղաքականությունը արտահայտվել է ոչ միայն հայերի, այլ հարեւան մյուս ժողովուրդների` իրանցիների, թուրքմենների, ղազախների նկատմամբ:





























