Վերջին տարիներին հայ-ճապոնական  հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում եւ դա Հայաստանի համար կարեւոր ուղղություն է: Այս մասին այսօր` մայիսի 4-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը`  Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Հիսասի Տոկունագայի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը խորին ցավակցություններ է հայտնել մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ, Տոկունագան էլ  երախտագիտություն հայտնել երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ ցուցաբերած օժանդակության համար:

«Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եւ ցանկանում են առավել ընդլայնել դրանք»,- ասել է Ճապոնիայի փոխնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել, որ շուրջ 2 տարի առաջ Տոկիո կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ իրականացվում են: