Ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որեւէ այլ կողմի միջնորդությամբ Հայ ազգային կոնգրեսի եւ  իշխանության միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 4-ին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` հերքելով մամուլում երկխոսության մասին շրջանառվող լուրերը:

Զուրաբյանը շեշտեց, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելու նախապայմանը  քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները, ապա այդ դեպքում ՀԱԿ-ը կարող է իշխանություների հետ բանակցել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: «Երկու կողմից կնշանակվեն պատվիրակներ, որոնք կքննարկեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման  եւ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու շուրջ հարցեր»,-հայտարարեց Զուրաբյանը:

Նա միաժամանակ հավելեց, որ եթե ՀԱԿ-ը զգա, որ իշխանություններն իրականում բանակցությունների իմիտացիայով են զբաղվում, եւ նրանց նպատակը լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը չէ, այդ ժամանակ կրկին կդիմեն ժողովրդի աջակցությանը եւ կշարունակեն պայքարը հանուն Հայաստանում ժողովրդի քվեի վրա հիմնված իշխանության ձեւավորման: «ՀԱԿ-ի նպատակն է երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով ավազակապետության կազմաքանդումն ու հաշվետու իշխանության ձեւավորումը»,-նշեց ՀԱԿ համակարգողը:

NEWS.am-ի հարցին, թե արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պարագայում ո՞վ է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն, Զուրաբյանը նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի անվիճարկելի թեկնածուն է»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով խոսակցություններին, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է դառնա ԱԺ խոսնակ, ՀԱԿ համակարգողն  արձագանքեց. «Ո՞նց եք պատկերացնում, որ առաջին նախագահը, անցնելով էս ճանապարհը, նվաճելով Հայաստանի անկախությունը եւ հաղթանակելով այս պայքարում, համաձայնի կամ գնա նման առաքելության»: