Հոնկոնգում ոստիկանությունը «պղպեղային» գնդակներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով South China Morning Post-ին:

Ցուցարարները բողոքում են ՉԺՀ պետական օրհներգի մասին օրինագծի վերանայման դեմ:

Օրենսդրական ժողովը չորեքշաբթի պետք է քննարկի օրինագիծը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ՉԺՀ օրհներգի՝ «Կամավորների երթի» անհամաչափ կիրառման եւ վիրավորման համար: Օրինագծի տեքստի համաձայն՝ խախտողները կարող են մինչեւ 3 տարվա ազատազրկման դատապարտվել եւ վճարել մինչեւ 6,4 հազար դոլարի չափով տուգանք:

Երեքշաբթի հակակառավարական ակտիվիստները սկսել են սոցցանցերում նիստի անցկացումը խոչընդոտելու, ինչպես նաեւ քաղաքում երթեւեկությունը կաթվածահար անելու կոչեր անել: Իրավիճակի սրման ֆոնին այսօր առավոտյան ուժեղացվել են անվտանգության միջոցառումները հատկապես օրենսդրական ժողովի շենքի առջեւ:    

Չնայած նրան, որ այսօր առավոտյան իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, ոստիկանությունը «պղպեղային» գնդակներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Օրինագծի վերանայման օգտին հանդես են եկել Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմը, ոստիկանությունը, արդարադատության նախարարությունը, մաքսային ծառայությունը, անվտանգության հարցերով քարտուղար Ջոն Լին: Լեմը հայտարարել է, որ օրինագծի ընդունումը ոչ մի կերպ չի անդրադառնա Հոնկոնգի բնակիչների ազատությունների վրա: