Ֆլորիդայի իշխանությունները հաստատել են Օրլանդոյում Walt Disney World-ի գործուներությունն աստիճանաբար վերսկսելու ծրագրերը՝ սկսած հուլիսի 11-ից, հաղորդում է Reuters-ը։

Այգիները հաջողությամբ բացելը նշանակալի իրադարձություն է Disney-ի համար այժմ, երբ կառավարությունն ու ամբողջ աշխարհում ընկերությունները մշակում են կարանտինից դուրս գալու ռազմավարություններ, երբ կորոնավիրուսը դեռեւս շարունակում է վտանգ ներկայացնել։

Երբ Disney-ի այգիները բացվեն, աշխատակիցներն ու այցելուները պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Կստուգվի նաեւ նրանց մարմնի ջերմաստիճանը։

Կդադարեցվեն շքերթները, հրավառությունները եւ բոլոր միջոցառումները, որոնց անցկացման դեպքում ամբոխ է հավաքվում։

Բացի այդ, Disney-ը կխրախուսի անհպում վճարային համակարգերն ու կընդլայնի ռեստորաններում գոյություն ունեցող բջջային պատվերների համակարգերը։

Կսահմանափակվի նաեւ այցելուների թիվը, որոնք պետք է նախօրոք ամրագրեն տոմսերը այգիներ այցելելու համար։