Հարավկովկասյան երեք երկրներում ամենալուրջ խնդիրներն առկա են դատական համակարգում եւ քաղաքացիական ծառայության ոլորտում: Այդ մասին ասված է Transparency International միջազգային հակակառուպցիան կազմակերպության զեկույցում:
Հայաստանի մասով զեկույցի հեղինակները նշել են, թե 2010-ին այստեղ աննշան տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, դատական համակարգի բարեփոխումների եւ քաղաքացիական ծառայության համակարգերում: Դատական համակարգում առկա խնդիրները` անկախության եւ թափանցիկության պակասն են, իսկ քաղաքացիական ծառայության ոլորտը խիստ քաղաքականացված է»:
Ըստ զեկույցի հեղինակների, Հայաստանի դատական համակարգի հիմնական խնդիրը շարունակում է մնալ անկախության եւ թափանցիկության անբավարարությունը, իսկ դատական համակարգը, ոստիկանության հետ մեկտեղ, համարվում է երկրորդ ամենակոռումպացված ոլորտը։
Transparency International-ի գնահատականներով, դատավորներից ու ոստիկաններից ոչ պակաս կոռումպացված են նաեւ պետական պաշտոնյաները:
Անդրադառնալով Ադրբեջանին` զեկույցի հեղինակները նշում են, որ այդ երկրում արդարադատության համակարգը թույլ է, մեծապես տուժում է անկախության եւ թափանցիկության պակասից:
«Վրաստանում դատական բարեփոխումների եւ քաղծառայության ոլորտներում որեւէ զգալի տեղաշարժ չի արձանագրվել:
Քաղաքացիական ծառայության զարգացման ոլորտի առջեւ ծառացած գլխավոր խոչընդոտը քաղաքականացվածության բարձր մակարդակն է»,- արձանագրել են զեկույցի հեղինակները:





























