Գյուղատնտեսական արտադրանքի արտադրողների եւ վերամշակող ձեռնարկությունների միջեւ հարաբերությունները պետք է հստակ կարգավորվեն համապատասխան պայմանագրերով, որտեղ պետք է արձանագրվի գինը, ծավալը եւ գնման ժամկետները: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ գյուղատնտեսական ոլորտի վերամշակող ձեռնարկությունների սեփականատերերի հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
«Այդ ամենը թույլ կտա նվազեցնել ռիսկերը»,- նկատել է նախարարը: Ոլորտի հիմնական խնդիրների շարքում նա առանձնացրել է միջազգային շուկայում հայկական արտադրանքի մցրունակության հարցը: «Այդ խնդրի լուծման համար հարկավոր է ոլորտը սպառազինել ժամանակակից տեխնիկայով»,- նկատել է նա:
Նախարարը նշել է նաեւ, որ նախօրեին Արագածոտնի մարզում կարկուտ է եղել: «Հատկապես տուժել են 2-3 համայնքներ, այժմ հաշվարկվում է վնասը»,- նկատել է նախարարը` հավելելով, որ կառավարությունն անուժ է բնության երեւույթների դեմ պայքարում: Նա նշել է, որ այս տարի 25 նոր հակակարկտային կայան է դրվելու:





























