ԱՄՆ-ը Հայաստանում տրանսֆորմացիայի քաղաքականություն է իրականացնում, ինչը կհանգեցնի փոփոխությունների, բայց ոչ հեղափոխության ճանապարհով, այլ փոփոխությունների ձգտող ուժերի ներգրավմամբ, ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության ճամբարից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա արտաքին ուժերի ազդեցությունը:

Ըստ Մանուչարյանի, դրա ապացույցն է նախկին քաղաքապետի հեռացումը, բարձրաստիճան ոստիկանի ձերբակալությունը, մարտի 1-ի գործի վերակենդանացումը: «Տրանսֆորմացիայի գործընթացին զուգահեռ Հայաստանի իշխանությունը գտնվում է թուլացած եւ բզկտված վիճակում»:

Մանուչարյանի խոսքով, նման քաղաքականություն վարելով ԱՄՆ-ը իր նպատակներն է հետապնդում` ունենալ հեշտ կառավարվող երկիր, որը, միաժամանակ, կհամապատասխանի նոր աշխարհակարգին:

«ԱՄՆ-ը նպատակ է դրել վերջ տալ ազգային թալանի համակարգին, ինչն օգուտ է մեզ»,- ասել է Մանուչարյանը բայց եւ նշել, որ Վրաստանը իր քաղաքական բարեկեցության համար վճարեց Օսեթիայով եւ Աբխազիայով, իսկ թե ինչ կվճարի Հայաստանը, դեռ հայտնի չէ: