Վերջին շրջանում իշխանությունների եւ հասարակության միջեւ բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում: Այս մասին Արթիկում  հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը եւ պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն: Սա չպետք է ավարտվի: Երկխոսությունը պիտի լինի մշտական: Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս, նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն», - հավելել է  նա: Տեր-Պետրոսյանի խոսքով`«գնում է բաց դիալոգ»:

«Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին եւ հասարակությանը, եւ իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ եւ ուղիղ ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ եւ այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել»,-նշել է  ընդդիմության առաջնորդը:

Նա նաեւ անդրադարձել է ՀԱԿ-ի վերջին` ապրիլի 28-ի հանրահավաքի ավարտից հետո մի խումբ ընդդիմադիրների` նստացույց անելու առաջարկին, հայտարարելով. «Պետք է գնահատել, ոչ թե ռեվերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածություններին մասին: Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Ոչ մի բան էլ չի եղել, ժողովրդի մեծամասնությունը շատ ճիշտ հասկանում է այս ամբողջ պրոցեսը: Բնականաբար կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ` այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 5-ին  այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում ունեցել անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս առթիվ ՀԱԿ առաջնորդը նշել է, որ եթե ժամանակ առաջ քաղբանտարկյալներին այցելելու խնդրանքով դիմեր իշխանություններին, ապա նրանք կմերժեին. «Հիմա մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում: Ես նկատի ունեմ ե՛ւ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, ե՛ւ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որը ավարտվելու է մայիսի 28-ին, ինչպես ես ասացի նախորդ հանրահավաքում: Գուցե մի քանիսը մինչեւ 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը չէր կարող մերժվել»:

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է նաեւ  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ: