Ներկայումս Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսություն չկա, սակայն այդ երկխոսության կնքահայր մտադիր է դառնալ ԱՄՆ-ը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա արտաքին ուժերի ազդեցությունը:
Նրա գնահատականով, եթե նախկինում Հայ ազգային կոնգրեսը հեղափոխական ուժ էր, այսօր հետ է կանգնել իր հեղափոխական դիրքերից եւ փորձում է հաջողության հասնել ոչ հեղափոխական եղանակով:
Դիտարկմանը, թե Արեւմուտքը կանխակալ է Տեր-Պետրոսյանի հարցում եւ դժվար թե խաղադրույք կատարի նրա վրա, Մանուչարյանն ասաց. «3 տարվա ընթացքում Տեր-Պետրոսյանը կարողացավ ակտիվորեն տանել ժողովրդական շարժումը, եւ նա բավարար կայացած գործընկեր է այդ գործընթացում»:
Հարցին, թե ո՞ր կուսակցությունները կհայտնվեն խորհրդարանում, Մանուչարյանն ասաց. «Չեմ զարմանա, թե կոալիցիոն ուժերից եւ ոչ մեկը չլինի, եւ չեմ զարմանա, եթե բոլորն էլ լինեն, բայց այդ դեպքում ներկայացված են լինելու այն գործիչները, որոնք համապատասխանում են ԱՄՆ-ի վարած տրանսֆորմացիայի քաղաքականության պահանջներին»:





























