Քիչ առաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարզի Օհանավան գյուղին հարակից ձորում  55-60 տարեկան տղամարդու դիակ կա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիակը հայտնաբերվել է Օհանավան գյուղի Օհանավանք եկեղեցու հարեւանությամբ գտնվող ձորակում:

Ականատեսները նշել են, որ մահացածը Երեւանի Ուլնեցի փողոցի բնակիչ 66-ամյա Հրանտ Արամյանն է, ով Օհանավանք այցելած զբոսաշրջիկների գիտական ղեկավարն է եղել: Նա «Երեւան Թրավել» տուրիստական ընկերության աշխատակից է: Օհանավանք այցելության ժամանակ նրա ոտքը սայթաքել է եւ նա գլորվել է ձորը:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները, որպեսզի դիակը դուրս բերեն ձորից:

Դեպքի վայրում են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը` Աշտարակի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ փորձագետն ու դատական բժիշկը: Երբ դիակը ձորից դուրս բերեն, նոր միայն հնարավոր կլինի ճշտել մահվան հանգամանքները:Նախնական տվյալներով, դիակի վրա բռնության հետքեր չկան:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի