Ֆրանսիայի Սարսելի պատգամավոր-քաղաքապետ Ֆրանսուա Պյուպոնին, ով ներկայացնում է Սոցիալիստական կուսակցությունը, հայտարարել է, թե  ցանկանում է  «նորից Ազգային ժողով ներկայացնել մի տեքստ»` ուղղված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն, գրում է «Nouvelles d`Arménie»-ին:

«Մեր պայքարին կարող են նպաստել նախագահական ընտրությունները, քանի որ բոլոր թեկնածուներն ստիպված կլինեն պաշտոնական դիրքորոշում հայտնել», – Սենատի առջեւ հավաքված հայ ցուցարարներին ասել է Պյուպոնին ` քննադատելով նրանց, ովքեր  «նախընտրական շրջանում խոստումներ են շռայլում»:

Հիշեցնենք, որ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել էր աջակցել Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծին, որի ընդունումը սակայն օրերս մերժվեց:

Պյուպոնին նշել է, որ ներկայացվելիք նախագիծը շատ պարզ է լինելու. «Ֆրանսիան երկու ցեղասպանություն է ճանաչել, միայն պետք է ասի, որ իր տարածքում  այդ ցեղասպանությունների փաստը չի կարող ժխտվել»:

 

Նա նաեւ ավելացրել է, որ «այդ տեքստը  պարզ լինելով` քննարկման առարկա չի կարող լինել: Այդ ժամանակ, վերջապես, մենք կարող ենք հույս դնել մեր հավատարիմ բարեկամների վրա»: