Հայ Ազգային կոնգրեսի քաղաքական օրակարգում արտահերթ ընտրությունների հարց իրականում առկա չէ: Այս մասին մայիսի 6-ին լրագրղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների մասին պահանջներ առաջադրելը քարոզչական նպատակներով է արվում, ինչն, ըստ պատգամավորի վտանգավոր երեւույթ է եւ մոլորեցնում է հասարակությանը:

Սաֆարյանի ներկայացմամբ, սակայն այն, որ ՀԱԿ-ի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, ամենեւին էլ չի նշանակում, որ արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան:  

Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց, որ առկա իրավիճակում արտահերթ ընտրությունները կամ այլ արտակարգ զարգացումները չեն բացառվում, քանի որ Հայաստանն, ըստ նրա, այժմ գտնվում է արտակարգ իրավիճակում: Այս իրավիճակը, Փոստանջյանի խոսքով, արտակարգ լուծումներ է պահանջում:

Նշենք, որ ՀԱԿ-ն իր գոյության ողջ ընթացքում` անցած երեք տարիներին, պարբերաբար առաջ է քաշում արտահերթ համապետական` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: