Հայաստանում ապրիլի 30-ից մայիսի 6-ն անցկացվել է զբոսավարների պարտրաստման առաջին տարածաշրջանային դասընթացը, որին մասնակցել են 22 զբոսավարներ` 11-ը Հայաստանից եւ 11-ը Վրաստանից:
Դասընթացն անցկացվել է Հայ զբոսավարների գիլդիայի կողմից` «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ Վրաստանի «Տնտեսական զարգացման նախաձեռնություն՚ (USAID EPI) ծրագրի օժանդակությամբ:
Զբոսավարների պատրաստման առաջին տարածարջանային դասընթացը, որն ընթացել է միջազգային ստանդարտներին համապատասխան եւ որը վարել են հայ մասնագետները, լուրջ ձեռքբերում կարելի է համարել միջազգային շուկայում Հայաստանի զբոսաշրջության մրցունակության բարձրացման եւ Հայաստանը որպես մասնագիտական վերապատրաստում տրամադրող երկիր ներկայացնելու տեսակետից:
Դասընթացի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում Զբոսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի WFTGA-ի փոխնախագահ Ֆելիսիտաս Վրեսլինգը, ով դասընթացի ընթացքում անձամբ անց է կացրել գործնական վարժանքների մի մասը եւ հետեւել քննությունների ընթացքին:
Դասավանդողները նախապես վերապատրաստվել են Զբոսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) կողմից` նախ Հայաստանում, ապա Կիպրոսում` WFTGA-ի տարածաշրջանային կենտրոնում, իսկ այնուհետեւ նաեւ Ինդոնեզիայում` զբոսավարների տարեկան միջազգային համագումարի շրջանակներում:
Անցած 3 տարիների ընթացքում Հայ զզբոսավարների գիլդիայի կողմից Հայաստանում պատրաստվել է WFTGA-ի պահանջներին համապատասխան 18 զբոսավար, վերապատրաստվել 41 լիցենզավորված զբոսավար, այդ թվում` 12-ը Հայաստանի մարզերից:





























