ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում որոշում կայացրեց  հաստատել ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը:

Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ծրագրի նպատակն է Հայաստանում գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման եւ հաշվառման համակարգը:

«Դա հնարավորություն կտա զգալիորեն բարելավել , կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման եւ տարածման կանխարգելման, ինչպես նաեւ կենդանական ծագման սննդամթերքի  անվտանգության մակարդակը:

Ծրագիրը նախատեսում է խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման էլեկտրոնային հարթակի ստեղծում, որի մեկնարկը տրվելու է այս տարվանից: Կհաշվառվի եւ կհամարակալվի ՀՀ-ում շուրջ 800 հազար խոշոր եղջերավոր կենդանի, որի համար անհրաժեշտ կլինի այս տարի ձեռք բերել 1,6 մլն ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին շուրջ 245 հազար տարեկան:

Ծրագրի բյուջեն 2020-2023 թվականներին կկազմի 1,4 մլրդ դրամ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ սեպտեմբերին կսկսեն համարակալման գործընթացը եւ ինչեւ տարեվերջ 800 հազար գլխաքանակը համարակալված կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս ծրագրի իրականացման արդյուքնում հստակ կիմանանք, թե երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա, երկրորդ, կլուծենք սննդի անվտանգության, ինչ-որ առումով նաեւ հետագծելիության հարցը: Այսինքն կիմանանք, որ այս համարանիշով կենդանին որ սպանդանոցում մորթվեց եւ այլն: Նաեւ պատվաստումների հետ կապված վերահսկելի իրավիճակ կստեղծենք: