Երեկ մենք տեսանք, որ տեղի ունեցավ մի խայտառակ բան. եվրոպական որոշ կառույցներ ներկայացրեցին շատ մտահոգիչ հայտարարություններ Արցախի հետ կապված, եւ ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն կարող գնալ Եվրամիության հայաստանյան գրասենյակի մոտ եւ բողոքի միջոցառում իրականացնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ի դիմաց ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ իրավաբանների ակցիայի ժամանակ։ Նշենք, որ իրավաբանները կանգնած են միմյանցից սոցիալական հեռավորության վրա և ընդգծում են, որ իրենք միայնակ ակցիաներ են իրականացնում և չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։
«Էլ չեմ խոսում ՀՀ իշխանությունների կողմից բազմաթիվ խնդիրների հետ կապված եւ շատ քաղաքացիներ հնարավոր է բողոք ունենան։ Այս կոմունիկացիան պետք է տեղի ունենա, կարեւոր ընդգծել նաեւ, որ իշխող քաղաքական ուժն այս ընթացքում զերծ չի մնում արտակարգ դրության հետ չկապված բազմաթիվ օրենքներ, կոնվենցիաներ ընդունելու գայթակղությունից։ Այսինքն մի կողմից արգելում են դրա հակակշիռ հավաքները, մյուս կողմից ընդունվում են օրենքներ, կոնվենցիաներ նաեւ տարբեր հետապնդումներ են իրականացվում»,– ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ իրենք ուղերձ ունեն ՀՀ ԱԺ պատգամավորներին. «Այս պահին նրանք են լիազորված վերացնելու այս սահմանափակումը։ ՀՀ օրենսդրության հիման վրա, կառավարության որոշումը պետք է քննարկվի ԱԺ–ում, քննարկումը, եթե չեմ սխալվում տեղի է ունենալու ժամը 13։00–ին, եւ այդ քննարկման ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն ներկայացնել կոնկրետ սահմանափակումներ վերացնելու պահանջ։ Այս պահին նրանք այդ հնարավորությունն ունեն, եւ մենք առաջարկում եւ պահանջում ենք, որ ԱԺ պատգամավորները այս սահմանափակումը վերացնեն, որի արդյունքում կառավարությունը կընդունի արդեն այլ պայմաններով սահմանափակում, որ, օրինակ, պետք է դիմակ կրել, սոցիալական հեռավորությունը պահել եւ այլն։ Այս բոլոր հարցերը պետք է կարգավորում ունենան եւ այս կարգավորման արդյունքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան իրականացնել խաղաղ հավաքների ազատությունը, խաղաղ հավաքների ազատությունը հիմնարար իրավունք է եւ չի կարելի հանդուրժել այսքան երկար ժամանակով դրա վերացումը»։
Նշենք, որ այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկելու է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ են անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։





























